BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ավելի մեկ օրն ո՞ւմ կտա առավելությունը

Ավելի մեկ օրն ո՞ւմ կտա  առավելությունը
28.06.2013 | 12:31

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի համադաշնությունների գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է: Հայտնի է նաև երկրորդը, սակայն քանի որ խաղն ավարտվել է ուշ ժամի, այդ իսկ պատճառով չենք կարողացել այն այս նյութի շրջանակներում տեղադրել: Ինչևէ: Հանգամանքներ, իրողություններ կան, որոնց պիտի կամա թե ակամա ենթարկվես անգամ մեր այս առուփախի լեն ու բոլ օրերում: Լավ, չքաղաքականանանք, մանավանդ որ դրա ոչ առողջությունն ունենք, ոչ էլ տրամադրությունը: Անցնենք մեր անմեղ գործին:

Վերջին անգամ, պիտի որ չսխալվեմ, ուրուգվայցիները բրազիլացիներին հաղթել են սրանից քսանմեկ տարի առաջ: Սա փոքր ժամանակ չէ, այս ընթացքում ֆուտբոլային մի սերունդ չէ, որ փոխվել է: Ինչ վերաբերում է կողմերի վերջին հանդիպմանը, դրանից էլ ահագին ժամանակ է անցել` բոլոր դեպքերում չորս տարին քիչ բան չէ, ինչպես որ քիչ բան չէր այդ խաղում 0:4 հաշվով պարտվելը: Այնպես որ, չորեքշաբթի կայացած խաղում ուրուգվայցիները քիչ պատճառ չունեին աշխարհագրական հարևանի «լայնքն ու երկայնքը» չափելու համար, ինչի ավելի քան հարմար առիթը, ի դեպ, լավ էլ արագ վրա հասավ: Տասնմեկմետրանոցը գնաց իրացնելու Դիեգո Ֆոռլանը: Թիմի վետերանի ցանկությունը միանգամայն հասկանալի էր. օրեր առաջ Սուարեսը նրա ձեռքից խլել էր հավաքականի լավագույն ռմբարկուի ոչ պաշտոնական տիտղոսը, և ոչ լրիվ հարյուր տոկոսի հավանականությամբ առիթն ամեն ինչ կարող էր տեղը բերել: Սակայն Բրազիլիայի դարպասապահ Սեզարը, որ նույնպես վետերան է, չուզեց հասկանալ գնդակին մոտեցած վետերանին ու դարպասը պահեց անառիկ: Տպավորություն չստացվի, թե վետերան-վետերան ենք խաղում, սակայն այնպես դուրս եկավ, որ խաղի առաջին գոլը գրանցվեց տարիքային այս խմբի ներկայացուցչի անվան դիմաց: Չմանրամասնենք, թե երկու ջահելներով ինչ արին Պաուլինիոն ու Նեյմարը, միայն ասենք, որ, ի դժբախտություն Մուսլերայի, նրա հետ մղած գնդակը հայտնվեց Ֆրեդի մոտ, ու վերջինս չվրիպեց: Կարող է ավելորդ մանրամասն թվալ, սակայն Բելու Հորիզոնտիում վերջինս ութ տարի խաղացել է, մի քիչ էլ պատվի հարց էր տեղի ֆուտբոլասերներին լավ խաղով շնորհակալ լինելը, մանավանդ որ, ինչպես կասեինք հայերս, Ֆրեդի «ազգն ու երամը» եկել էին իր տղայի խաղը նայելու:
ՈՒրուգվայցիները բավականին արագ հավասարեցրին հաշիվը: Էդինսոն Կավանին պարտավոր էր շանսը բաց չթողնել, մանավանդ որ տրանսֆերային պատուհանը բաց է, իրենով էլ հետաքրքրված է, ոչ ավելի-ոչ պակաս, Ամենան, իսկ «Չելսին», նրա ցանկությունը կատարելու համար, պատրաստ է իր բյուջեից «խուզելու» վաթսուն միլիոնի չափ գումար: Թեպետ այստեղ մի փոքր կտրվելու եմ ֆուտբոլից, բոլոր դեպքերում պարտավորված եմ համարում ասել, որ «խուզելն» ու «լափելը» երկու տարբեր հասկացություններ են, որքան էլ դրանք տվյալ դեպքում վերաբերում են «բյուջե» ընդհանրական հասկացությանը: Ես չգիտեմ` ակումբի «Ազգային ժողովը» սրան քաղաքակա՞ն, թե՞ իրավական գնահատական կտա, բայց եկեք «Վերահսկիչ պալատիս» սույն դիտարկումը թողնենք մի կողմ, մանավանդ որ, ինչպես տեսաք, հարցը հնչեցնելիս ձեռքիս ո՛չ մալուխ կար, ո՛չ էլ փայտի կտոր:
Խաղի 1:1 հաշիվը հանդիպումը սրընթացորեն մոտեցնում էր լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության գիտակցմանը, սակայն ամեն ինչ մի ակնթարթում տեղավորվեց զարգացումների տրամաբանության մեջ (խնդրում եմ ՈՒրուգվայի ընտրանու երկրպագուներին սուտ վիրավորված չձևանալ ասածիցս. բրազիլացիներն ավելի դիտարժան խաղ խաղացին ու արժանի էին հաղթանակի): Նեյմարն անկյունայինը հրաշալի իրացրեց, և Պաուլինիոն հաղթանակ պարգևեց իր թիմին` ապացուցելով, որ պահեր են լինում, երբ անկյունայինը տասնմեկմետրանոցից ավելի մոտ է լինում գոլին:
Համադաշնությունների գավաթի խաղարկությունների պատմության մեջ Բրազիլիան հինգերորդ անգամ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Իսպանիա-Իտալիա դիմակայության հաղթողը: Գիտեք, որ երեկ այդ խաղը կայացել է, հաղթողն էլ հայտնի է: Արդ` երբ, նաև ժամանակային գործոնով պայմանավորված, ամեն ինչ գիտեք ինձնից ավելի լավ, ես ի՞նչ ասեմ այդ խաղի մասին, որ ո՛չ ժամանակավրեպ լինեմ, ո՛չ էլ կանխատեսումներիս մեջ ծիծաղելի, չնայած նախորդ համարում լավ էլ ընդարձակ եմ եղել իմ կանխատեսումներում: Հիմա, քանի որ դուք դրանք արդեն հասցրած կլինեք մոռացած լինել, ավելի լավ չի՞ լինի, որ այս անգամ լռեմ:
Հը՞: Ի՞նչ եք կարծում` չգնա՞նք «խոսելն արծաթ է, լռելը` ոսկի» ճանապարհով:
Դե, քանի որ եկանք համաձայնության, վերնագրի մեջ եղած հարցականն էլ պարզենք ու նոր ասենք «մինչ նոր հանդիպում»: Իսկապես` ավել մեկ օրն ո՞ւմ կտա առավելությունը` Բրազիլիայի՞ն, թե՞… ուժեղագույնին (թո՛ւ, քիչ էր մնում ասեի` Իսպանիային): Չէ, ոնց որ թե բերանս կողպած պահելը չի ստացվում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ